38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ոչ մի ամերիկացի պրոդյուսեր չի գա «Ալեքս» թատրոն և չի բացահայտի որևէ հայ երգչի, որքան էլ նա տաղանդավոր լինի»

«Ոչ մի ամերիկացի պրոդյուսեր չի գա «Ալեքս» թատրոն և չի բացահայտի որևէ հայ երգչի, որքան էլ նա տաղանդավոր լինի»
11.11.2008 | 00:00

ՄԻՍՏՐ X-Ն ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ
ՄԻՍՏՐ X-ն օրերս հայաստանյան հանդիսատեսին ներկայացավ մենահամերգով, առանց դիմակի։ Առաջին անգամ նա դիմակը հանել է ԱՄՆ-ում իր երկրորդ մենահամերգի ժամանակ, ինչը հետաքրքիր անակնկալ էր հանդիսատեսի համար։
-Դիմակն ինչ-որ խորհո՞ւրդ ուներ իր մեջ։

-Իհարկե։
-Չե՞ք ասի՝ ինչպիսի։
-Ոչ։
-Կարելի՞ է ասել՝ իմիջի հետ էր կապված։
-Դա ծառայել է որպես իմիջ, բայց իմիջի համար չէր նախատեսված։
-Ամեն դեպքում, խորհրդավորության պատրանք կար։
-Իհարկե, արտաքինը շատ բան է ասում ներքին էության, կերպարի մասին։
-Տարիները փոխո՞ւմ են արվեստագետի ձեռագիրը։
-Արժեքային համակարգ կա, որ երբեք չի փոխվում։ Այն հիմք է հանդիսանում հետագա քայլերի համար։ Փոխվում է ճաշակդ, ավելի հասունանում ես։ Բայց երբեք չպետք է շարժվես այնպես, ինչպես թելադրում է ժամանակը, մոդան։
-Վերջին ժամանակներս հաճախ եք լինում արտերկրում, որտեղ ամեն բան այլ կերպ է երևում։ Երբ վերադառնում եք հայրենիք, ի՞նչ եք մտածում։
-Մտածում եմ, որ մենք մի փոքրիկ ընտանիք ենք և պետք է կարողանանք լավ ներկայանալ աշխարհին։ Մշակույթի, արվեստի առումով, վստահ եմ, որ այստեղ էլ հետաքրքիր բաներ կան, բայց՝ համաշխարհային չափանիշներին ո՛չ համապատասխան։ Խոսքը երգիչների մասին չէ, այլ, ասենք, բեմի ձևավորման, տեխնիկական խնդիրների, լույսի, ձայնի։ Չեմ կարծում, որ թատերական ինստիտուտում կա հատուկ բաժին, որտեղ սովորեցնում են, ենթադրենք, բեմի լուսավորման նրբությունները։ Թեև չեմ էլ մեղադրում։ Այս առումով Միացյալ Նահանգների հետ անգամ Ռուսաստանը չի կարող համեմատվել։
-Իսկ ի՞նչն է մտահոգում Ձեզ։
-Երեկ ես մեքենաս կանգնեցրի ոչ ճիշտ տեղում, և ինձ անմիջապես տուգանեցին, ինչի համար ուրախ եմ։ Կուզեի, որ շատ այլ հարցերում էլ օրենքը գործեր։ Երթուղայինի վարորդը, մինչ ղեկին նստելը, բժշկական քննություն անցներ և այլն։ Բայց կամաց-կամաց ամեն բան կարգավորվում է։ Այսօր ես անցա նոր կառուցված ճանապարհով, որն ինձ անչափ դուր եկավ։ Եթե մի երկրում շինարարություն է իրականացվում, ուրեմն՝ երկրի վիճակը լավ է։
-Բայց լա՞վ է երկրի վիճակը։
-Գուցե մենք չենք նկատում, բայց լավ է։
-Հնարավո՞ր է՝ մշտական բնակություն հաստատեք արտասահմանում։
-Ես շատ հնարավորություններ եմ ունեցել տեղափոխվելու, բայց երկար ժամանակ չեմ կարողանում մնալ հայրենիքից հեռու։ Թեև միանշանակ «ոչ» չեմ ասի։ Եթե այնպիսի առաջարկ լինի, որի գայթակղությանը չդիմանամ, ինչո՞ւ չէ։ Ես կմնամ արտերկրում, Հայաստանը կմնա սրտիս մեջ։ Դա չի նշանակում, թե չեմ սիրում ու գնահատում իմ երկիրը։ Խոր վիրապ գնալու ճանապարհին, երբ նայում եմ Արարատին, ինձ թվում է՝ այնքա՜ն մոտ եմ մարդկության պատմության սկզբին։ Հավատում եմ, որ Արարատից է սկսվել ամեն բան։ Ինչպե՞ս կարող եմ հենց այնպես թողնել-գնալ...
-Ապրած կյանքը, հարուստ ներաշխարհը, չե՞ք կարծում, որ կարևոր են արտիստի համար, եթե նա լուրջ արվեստ է ներկայացնում։
-Երգի հմայքը ոչ այնքան ձայնի, որքան հոգու գեղեցկության արդյունք է։ Իհարկե, խոսքն այն երգերի մասին չէ, որոնք կարող են կատարել բոլորը։ Երգը հոգու խոսքն է։ Մենք խոսելով շփվում ենք։ Երգն ավելին է։
-Ինչո՞ւ են շատերը ձգտում բախտ որոնել օտար ափերում։ Ի՞նչ հնարավորություններ է տալիս, դիցուք, Ամերիկան, որ չի կարող տալ Հայաստանը։
-Հակառակն ասեմ. եթե խոսքը շոու-բիզնեսի մասին է, շատերը չեն ուզում գնալ։ Դրսում պետք է շատ աշխատես, բարձունքների հասնես, որ կարողանաս այնքան գումար վաստակել, ինչքան մեզ մոտ են վաստակում։ Ոչ մի ամերիկացի պրոդյուսեր չի գա «Ալեքս» թատրոն և չի բացահայտի որևէ հայ երգչի, որքան էլ նա տաղանդավոր լինի։ Պետք է մեծ շրջապատ ունենաս, կատարելապես տիրապետես անգլերենին, իսպաներենին։ Իմաստ չունի բախտ որոնել ԱՄՆ-ում։ Ես դա օգնության կարգով եմ ասում։ Որովհետև գիտեմ՝ ուր եմ գնացել հասել, ինչերի միջով եմ անցել։ Մեծ գումարներ ներդնելու առաջարկներ են եղել, բայց նույնիսկ այդ դեպքում պիտի իմանաս՝ ում հետ ես աշխատում։ Այսինքն, գումարն էլ հաջողության երաշխիք չէ։
-Հեռավոր ապագայի համար ի՞նչ ծրագրեր, երազանքներ ունեք։
-Երազանքս համաշխարհային ճանաչման հասնելն է։ Պատահական չէ, որ ես երգում եմ տարբեր լեզուներով։ Ինձ հետաքրքիր է, թե իմ երգն ի՞նչ արձագանք կգտնի Լատինական Ամերիկայում, կամ ի՞նչ են ուզում լսել Ճապոնիայում։ Վերջերս, երբ ԱՄՆ-ում էի, տեղի հեռուստաընկերություններից մեկը ինձ հրավիրեց զրույցի. տեսել էին դիմակով երիտասարդի, հետաքրքրել էի իրենց։ Դա մեծ ձեռքբերում էր ինձ համար։
-Բայց ասում էիք՝ շատ դժվար է ճանաչման հասնելը։ Բացահայտ տաղա՞նդ է պետք, նոր խո՞սք։
-Շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնց ձայնը ոչ ոք չի լսում։ Նոր խոսք անպայման պետք է։ Բայց պիտի կարողանաս այն մատուցել։ Պիտի կարողանաս խոսել ինքդ քո մասին։
-Դուք ինքնատիպ ձայն ունեք և ասելիք։
-Ես երբեք չեմ ժխտել դա։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4021

Մեկնաբանություններ